National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.04.2022
Պատերազմը ժողովրդավարության թշնամին է. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ժողովրդավարությունն անսակարկելի արժեք է: Եւ պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի ստեղծման նպատակը եւ հիմքը եղել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովումը: Ցավոք, ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում դժվար ժամանակներ է ապրում, եւ մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

Զեկուցողը ճիշտ է, երբ ասում է, որ մենք իրական ժողովրդավարությունը պետք է տարբերենք իմիտացիոն ժողովրդավարությունից, քանզի իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն մեծամասնության իշխանություն, այլ նաեւ հնարավորություն ապահովելու նաեւ քաղաքական փոքրամասնության իրավունքները, երաշխավորելու իրավունքի գերակայության ապահովումը: Չափազանց կարեւոր է նաեւ իշխանությունների տարանջատման ապահովումը:

Շատ դեպքերում մենք, ցավոք, բախվում ենք իրավիճակների հետ, երբ ավտորիտար ռեժիմները փորձում են ժողովրդավարության իմիտացիա անել՝ դրանով ստվեր նետելով իրական ժողովրդավարության բովանդակության վրա:

Գործընկերնե՛ր, կարեւոր է նշել, որ ժողովրդավարությունն ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին համատեքստ: Եւ պետություններն արտաքին հարաբերություններում պետք է լինեն նույնքան ժողովրդավար, որքան ժողովրդավար են ներպետական հարցերում: Պետությունը չի կարող ունենալ ներքին ժողովրդավարություն, բայց միաժամանակ լինել հակաժողովրդավարական արտաքին հարցերում:

Միայն իրական ժողովրդավարությունն է ունակ երաշխավորելու ժողովրդավարական անվտանգություն եւ հասնելու խաղաղության ընդհանուր նպատակին՝ հիմնվելով արդարության եւ միջազգային համագործակցության վրա:

Ավտորիտար առաջնորդները, հակառակը, օգտագործում են հակամարտություններն իշխանություն զավթելու, իշխանություն պահելու համար: Այդ պատճառով ժողովրդավարության համար շատ բարդ է բանակցել խաղաղության շուրջ ավտորիտար առաջնորդի հետ:

Գործընկերնե՛ր, պատերազմը ժողովրդավարության թշնամին է:

Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմից հետո Հայաստանում հանրային քննարկում սկսվեց: Փորձ էր արվում մտայնություն ձեւավորել, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունն իրար հակոտնյա են, եւ հնարավոր չէ հզոր երկիր լինել՝ լինելով ժողովրդավար: Ինչեւէ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը բավականին իմաստուն էր՝ հասկանալու համար, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ հզոր լինելը հակասում են իրար: Այս հասկացությունները փոխկապակցված են, եւ հնարավոր չէ լինել առողջ եւ ուժեղ բնակչություն ունեցող հզոր երկիր՝ առանց ժողովրդավարության:

Գործընկերնե՛ր, ինչպես արդեն նշեցի, միայն ժողովրդավարությունն է ունակ բերել իրական խաղաղություն, քանզի ժողովրդավարական երկրները միմյանց հետ չեն պատերազմում:

Հետեւաբար, իմ համոզմունքն է, որ մենք պետք է այս հարթակն օգտագործենք մեր ժողովրդավարական ուղիների վերաբերյալ փորձի փոխանակում անելու համար: Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը պաշտպանելու ժողովրդավարությունը մեր երկրներում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում: Ինչեւէ, այս ջանքերում ավելի լավ արդյունք գրանցելու համար առաջարկում եմ նախ եւ առաջ հավաստիանալ, որ բոլորս միանման ենք ընկալում այն արժեքները, որոնք ընկած են Եվրոպայի խորհրդի ստեղծման հիմքում»:


16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am